Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ղեկավարը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ նշելով, որ ընթացիկ ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Նա նաև բարձր է գնահատել ընտրական գործընթացի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը։
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովը ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները՝ նշելով, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։
Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է իր դիտարկումներն ու մտահոգությունները ներքաղաքական և նախընտրական իրավիճակի վերաբերյալ։ Խմբակցության ղեկավարը նաև անդրադարձել է Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններին։
Հանդիպման վերջում Հայկ Մամիջանյանը պատասխանել է դիտորդական խմբի անդամների՝ նախընտրական քարոզարշավին և ընտրական գործընթացներին վերաբերող հարցերին։