ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության գտնվելու վայրի վերաբերյալ։ Ըստ փոփոխության՝ Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխվելու է Շվեյցարիայի մայրաքաղաք՝ Բեռն։
Այս որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ Ժնևի և Բեռնի միջև եղած հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները պահանջում են դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխում։
Հարկ է նշել, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ հարյուր դեսպանություն, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի դեսպանությունները, արդեն իսկ գտնվում են Բեռնում։
ՀՀ կառավարության հիմնավորման համաձայն՝ դեսպանության տեղափոխումը կնպաստի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումների ապահովմանը, կխթանի երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը։
Տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվում են 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։ Առաջին տարվա համար, բացի ընթացիկ ծախսերից, կպահանջվի լրացուցիչ 62.8 հազար շվեյցարական ֆրանկին՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։
Այս որոշումը պահանջում է 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի 1128 ծրագրի համապատասխան միջոցառման ծախսերը ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։
ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 1992 թվականի ապրիլի 30-ից, Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով։ Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների հետևողական զարգացումը։