ՀՀ վարչապետը կոչ արեց դեսպանատներին դադարեցնել սահմանամերձ շրջաններից զերծ մնալու մասին հրահանգները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում գործող դեսպանատներից ակնկալում է, որ նրանք կդադարեցնեն իրենց քաղաքացիներին խորհուրդ տալը՝ զերծ մնալ հանրապետության սահմանամերձ շրջաններ այցելելուց։

«Պարոն Միրզոյան, պետք է աշխատել այդ դեսպանատների հետ, որպեսզի նրանք իներցիայով չշարունակեն դա անել», – ասել է վարչապետը՝ նշելով, որ նման հաղորդագրություններն ավանդաբար հրապարակվում են արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։

Փաշինյանը նշել է, որ նախորդ տարիներին մի շարք երկրների դեսպանություններ պարբերաբար իրազեկել են իրենց քաղաքացիներին՝ խուսափելու սահմանամերձ, մասնավորապես՝ Սյունիքի մարզ այցելություններից։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ միջազգային վարկանիշներում դիրքավորվում է որպես անվտանգ պետություն։ Նրա խոսքով՝ 2025 թվականին երկրում արձանագրվել է հանցավորության մակարդակի անկում, ինչը, համատեղ խաղաղության հաստատման և տնտեսական աճի հետ, պետք է նպաստի զբոսաշրջության զարգացմանը։ «Այս ամենը պետք է նպաստի և արդեն իսկ նպաստում է ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Back To Top