ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «ՔՊ-ական քարոզչամեքենան» անուղղակիորեն հրապարակում է կեղծ թեզ՝ պնդելով, թե ՀՀ նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքով։
«Սա բացահայտ սուտ է։ 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել որևէ երկրի», – նշել է Շարմազանովը։
Ըստ նրա՝ Արցախյան հարցի կարգավորման հարցում ՀՀ նախկին իշխանությունների համար առաջնայինը եղել է ոչ թե տարածքային պահանջների առաջադրումը, այլ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։
«Ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է և սկզբունքն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարը, որը խախտել է այս քաղաքական սկզբունքը, Նիկոլ Փաշինյանն է՝ իր «Արցախը Հայաստան է և վերջ» թեզով։ Էլ չեմ խոսում նոր պատերազմի և նոր տարածքների մասին», – ընդգծել է Շարմազանովը՝ նշելով, որ նման թեզերի տիրաժավորումը անթույլատրելի է։
Նա նաև նկատել է, որ այսպիսի հայտարարություններ հաճախ ուղեկցվում են հարցադրումներով՝ «Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արեցին Արցախում՝ ճիշտ է»։ Ըստ Շարմազանովի՝ պետությունների պատմությունը շարունակական է, և նման քայլերն անհնարին են դարձնում ապագա սերունդներին դրանցից դուրս գալու հնարավորությունը։
Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հերթական անգամ քննադատել էր ընդդիմադիր ուժերին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը զիջողական է ներկայացնելու համար։ Փաշինյանը մեղադրել էր ընդդիմադիր ուժերին, որ իրենք պատերազմ են ուզում, երբ խոսում են Արցախի մասին։