«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին։ Այս քայլի նպատակն է ժողովրդի իրական աջակցությունը ձեռք բերել։
Այս մասին Կարապետյանը հայտարարել է մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ընթացքում՝ քննարկելով խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար կոլեկտիվ ընդդիմության կողմից պետք է ձեռնարկվող քայլերը։
Ըստ դաշինքի առաջնորդի՝ ընդդիմության համախմբումից և հանրահավաքի անցկացումից բացի, նրանք նախատեսում են դիմել միջազգային հիմնական դերակատարներին՝ ԱՄՆ նախագահին, եվրոպական բազմաթիվ երկրների ղեկավարներին, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարությանը։ Այս հանդիպումները, Կարապետյանի խոսքով, կարելի է կազմակերպել՝ հրավիրելով տարբեր երկրների դեսպաններին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։
«Մենք ուզում ենք, որ նրանք լսեն մեր դիրքորոշումը, մտահոգությունները, ինչպես նաև իրավիճակը տեսնեն մեր աչքերով։ Մենք կարծում ենք, որ նրանք այս հարցը դիտարկում են միայն մեկ տեսանկյունից։ Թեև այս պահին նրանց ձեռնտու է հակառուսական տրամադրություններ ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա ձեռնտու չէ հայ ժողովրդին, և նրանք պետք է դա լսեն։ Հնարավոր է՝ նրանք մինչև վերջ չեն հասկանում, որ մասնակից են դառնում մեր երկրի կորստին։ Ուստի, ես մեծ կարևորություն եմ տալիս նրանց հետ հանդիպմանը»,- նշել է Կարապետյանը։
Խոսելով առանձին Ռուսաստանի մասին՝ դաշինքի առաջնորդը հայտնել է, որ նրանք ցանկանում են դիմել այդ երկրին և կոչ անել դադարեցնել այն գործընթացը, որը, նրա խոսքով, ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարապետյանը նշել է, որ հայկական արտադրանքի ներմուծման արգելքի հետ կապված այս բոլոր սահմանափակումները հարվածում են միայն հայ ժողովրդին։
«Մենք ուզում ենք ասել, որ դա անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել։ Հայաստանի իշխանությունը նման մտադրություն չունի, դրա համար մենք ուզում ենք այդ պարտավորությունը վերցնել մեզ վրա։ Մենք ուզում ենք նրանց բացատրել, որ այդ քայլերի հետևանքով տուժում է միայն հայ ժողովուրդը»,- հայտարարել է Կարապետյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ կոլեկտիվ ընդդիմությունը պետք է հանդես գա նաև երկրում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։
Խոսելով խորհրդարանական մանդատների հարցի մասին՝ Կարապետյանը նշել է, որ հենց իշխանությունն է տարածում այն թեզը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, քանի որ այդ դեպքում նրանք կստանան միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ այս պահին «Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է այդ հարցը քննարկել ընդդիմադիր մյուս ուժերի հետ և կայացնել վերջնական որոշում, սակայն պատրաստ է երկու սցենարին էլ՝ և՛ խորհրդարան գնալուն, և՛ մանդատներից հրաժարվելուն։