Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է ավելի ու ավելի շատ պետությունների և նրանց խաղաղ քաղաքացիների շահերի վրա, հանգեցրել է մի իրավիճակի, երբ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների թիվը բազմապատկվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների հետ։
Ինչպես նշվում է, մարտի 8-ին Իրանի Սպահան քաղաքում, համանուն նահանգի նահանգապետարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքի և բնակելի հատվածի պատուհանները ջարդվել են, իսկ մի քանի աշխատակիցներ հայտնվել են պայթյունի ալիքի ազդեցության տակ։ Բարեբախտաբար, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն գրանցվել։
«Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների վրա հարձակումները համարում ենք միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար փաստաթղթերի աղաղակող խախտում, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան և հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիան», – նշել է Մարիա Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին խստորեն պահպանել դիվանագիտական օբյեկտների անձեռնմխելիությունը և հրաժարվել դրանց անձնակազմի անվտանգության, կյանքի և առողջության դեմ ոտնձգություններից։ Բացի այդ, Ռուսաստանը կոչ է արել հակամարտության մասնակիցներին անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված առաջնորդի որդին՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։