Հունիսի 6-ին Հայաստանում կկայանա «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» (Junior Eurovision Young Musicians) 22-րդ մրցույթը։ Այս մասին Կառավարության նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա կազմակերպման համար նախատեսված 665 մլն դրամի հատկացման վերաբերյալ կառավարության որոշումը։
Նախարարը նշել է, որ այս միջոցառումը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով իրականացվող շատ հետաքրքիր ձևաչափ է, որը հնարավորություն կտա Հայաստանին հերթական անգամ դիրքավորել իրեն միջազգային հարթակում՝ հատկապես դասական արվեստի ոլորտում։
Մրցույթի անցկացման օրվա խորհրդանշական լինելը նախարարի խոսքով պատահական չէ։ Հունիսի 6-ը աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը դասական արվեստի միջոցով կընդգծվի մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական ժառանգության արժեքն ու նշանակությունը։
Մրցույթը կկայանա Երևանի Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակն է այս տարի։ Այս կապակցությամբ միջոցառումը կդառնա նաև թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու կարևոր միջոցառում։ Ըստ նախարարի՝ միջոցառումը կանցկացվի ոչ միայն շենքի ներսում, այլև դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվում են բալետային և այլ ներկայացումներ, ինչը կտեղեկացնի հյուրերին շենքի ճարտարապետական նշանակության և գեղեցկության մասին։
Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը արդեն իսկ ունի մեծ ճանաչում և հանդես է գալիս հեղինակավոր նվագախմբերի հետ։
Ապահովվելու է մրցույթի ուղիղ հեռարձակումը 11 երկրներում, որոնք նույնպես մասնակցում են մրցույթին։ Կազմակերպվելու են նաև մի շարք միջոցառումներ հյուրերի համար՝ այցելություններ թանգարաններ և արվեստի կենտրոններ, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն կտա նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը դարձնել երկիրը բացահայտելու և հետագայում խթանել զբոսաշրջային հոսքերը։