Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հայ ժողովրդի համար բացառիկ հնարավորություն են՝ քաղաքական կյանքից դուրս շպրտելու «նախկիններին»։
Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել երկրի նախկին ղեկավարներին՝ նշելով, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ի իրական ներկայացուցիչն է։ Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, այս ընտրություններում ոչ մի շանս չունի։
Վարչապետը նաև անդրադարձել է ընտրական գործընթացին չմասնակցելու մասին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այն որակելով որպես «կեղծ թեզ»։ Նա նշել է, որ Սարգսյանը նախորդ ընտրություններին մասնակցել է «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ այս ընտրություններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ձևաչափով։ Փաշինյանը հավելել է, որ Սարգսյանը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել «Ուժեղ Հայաստանին», և Հայաստանի հանրապետական կուսակցության ողջ կազմը, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահ Աշոտյանը, մասնակցել է այդ քաղաքական ուժի հանրահավաքներին։
Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունն» (ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ) ամեն օր արդարացնում է իր կարգավիճակը։ Նրա խոսքով՝ այդ կուսակցություններից մեկը փորձում է հեռու մնալ այդ հռետորաբանությունից, բայց, իր համամասնական ցուցակից ելնելով, չի կարող դա անել։
Վարչապետը նշել է, որ այդ քաղաքական ուժերը ամեն օր խոսում են Ղարաբաղը վերադարձնելու մասին, սակայն «Ղարաբաղի համար վերնաշապիկ պատռողների որդիներից ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում և չի մասնակցել որևէ մարտական գործողության»։
Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները լկտի ձևով ստել են, թե ղարաբաղյան շարժումը ծառայել է Հայաստանին և հայ ժողովրդին։ Նրա խոսքով՝ այն ծառայել է նրանց, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը երբեք դուրս չգա «զոհի կերպարից»։ «Ես հպարտ եմ, որ մեր երկիրը դուրս է գալիս այս ծուղակից, այո, զոհերի գնով, բայց դուրս է գալիս», – ամփոփել է նա։