2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության ձևաչափը դեռ որոշված չէ

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերջնական ձևաչափը դեռ որոշված չէ։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում մամուլում շրջանառվում են լուրեր, թե «նախկինների» հեռանալու դեպքում մյուսների համար մեծ հեռանկարներ կբացվեն։ Սակայն նախկին նախագահը նկատել է, որ ՀՀ բոլոր երեք նախագահներին՝ իրեն, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, պետք չէ դիտարկել որպես միևնույն կատեգորիայի ներկայացուցիչներ։

«Մենք՝ երեք նախկին նախագահներս, բնավորությամբ բոլորովին տարբեր մարդիկ ենք։ Մենք տարբեր ենք հայացքներով և աշխատաոճով, բայց մի բանում նման ենք. մեր աշխատանքային գրքույկներում գրված է, որ մենք նախագահ ենք եղել։ Եթե այն փաստը, որ մենք նախագահ ենք եղել, բավարար է, որպեսզի այդպես հայտարարեք․ «դուք չպետք է մասնակցեք ընտրություններին», ապա դրանց չպետք է մասնակցեն նաև նախկին նախարարները, ԱԺ պատգամավորները, օմբուդսմենները։ Դա նորմալ է՞։ Իհարկե՝ ոչ», – նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ, իսկ եթե մասնակցել, ապա՝ ինչ ձևաչափով։

Նախկին նախագահը նաև նշել է, որ, եթե իր քաղաքական ուժն ընտրություններում առաջին տեղը չգրավի, ինքն՝ անձամբ, ոչ մի հավակնություն չի ունենա։ Նրա խոսքով՝ այդ դեպքում տվյալ ուժը պետք է պատասխանի՝ արդյոք ընդունում է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությունը, թե՝ ոչ։ Նա նաև հստակեցրել է, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է հայտարարի, որ բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ համագործակցություն։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նրան և մյուս նախկին նախագահներին «թալան» մեղադարանելուն, Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Փաշինյանը իշխանության է եկել ժողովրդի հանդեպ սիրո կարգախոսով, իսկ հետո պարզվել է, որ նա փող է սիրում։ Եթե նա սիրեր ժողովրդին, կենսաթոշակառուների վիճակն այնպիսին չէր լինի, ինչպիսին այժմ է»։

Նախկին նախագահը նաև հիշեցրել է, որ 2008 թվականին, երբ նա ազատ մարդ էր, աշխատում էր խոշոր ընկերությունում, վաստակում էր մեծ գումարներ և պատասխանատվություն չէր կրում երկրի համար։ «Դա հաճույք էր մի մարդու համար, ով 1998-ից 2008 թվականներին անընդհատ անցնում էր ծանր փորձությունների միջով և պատասխանատվություն էր ստանձնում ճգնաժամային իրավիճակներում։ Հիմա իրավիճակը կրկին ճգնաժամային է, և ես կանգնած եմ ընտրության առջև՝ ստանձնել պատասխանատվություն, թե խուսափել։ Ես կարծում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել», – ասել է նա։

Այդ առնչությամբ նա անդրադարձել է նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից Նիկոլ Փաշինյանին աջակցության հարցին։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այդ աջակցությունը իրենց նախաձեռնությունը չէ, այլ Հայաստանից է գալիս։ «Հայաստանի պատվիրակությունները գնում են, հայտարարում են․ մենք արևմտամետ գիծ ենք որդեգրել, Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում։ Սաակաշվիլին նույն բանն էր անում՝ սրում էր հարաբերությունները, իսկ հետո փախչում՝ աջակցություն խնդրելով։ Հայաստանը սրում է հարաբերությունները և դրա դիմաց փորձում ինչ-որ բան ստանալ Արևմուտքից։ Ինչպե՞ս դա կազդի ներքաղաքական կյանքի վրա։ Որոշակի ազդեցություն կլինի։ Այդ տեսանկյունից ընդդիմությունը հայտնվել է անհավասար պայմաններում», – եզրափակել է նախկին նախագահը։

Back To Top