Երևանյան դիվանագիտության խայտառակություն

Երևան, 29 հունվարի, 2024 թ. – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը կարելի է միայն մեկ բառով բնորոշել՝ խայտառակություն։ Այս կարծիքը հունվարի 28-ին իր Facebook-ի էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձություններին։

Պատգամավորի խոսքով՝ նախարարի հայտարարությունները հասել են աբսուրդի։ Ըստ Միրզոյանի՝ «ազատության թշնամիները» ցանկանում են վերադարձնել Հայաստանին «ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։

Արթուր Խաչատրյանը նշում է, որ այս տրամաբանությամբ, իբրև թե Արցախում հայերը հանգիստ և խաղաղ էին ապրում «պուպուշ ադրբեջանցիների հետ», իսկ «ազատության թշնամիները» եկան և խափանեցին այդ «շոկոլադե հարաբերությունները»։

«Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն փորձել էթնիկ զտում իրականացնել Արցախում, չեն շրջափակել Հայաստանը և Արցախը, չեն սկսել պատերազմ մեր դեմ։ Այդ ամենն արել են «ազատության թշնամիները»»,- նշում է պատգամավորը՝ ընդգծելով ելույթի հիմնական անհեթեթությունը։

Խաչատրյանը նաև համեմատում է Միրզոյանի հայտարարությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դիրքորոշումների հետ։ Ըստ նրա՝ եթե վարչապետը պնդում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու, բայց մեղավոր չէ, ապա նախարարը գերազանցել է իր շեֆին՝ պնդելով, որ մեղավոր չէ նաև Ալիևը, այլ «ազատության թշնամիները»։

Պատգամավորը նշում է, որ նախարարը չի բացահայտել, թե ովքե՞ր են այդ «ազատության թշնամիները», ինչը, նրա խոսքով, ավելի է խորացնում ելույթի աբսուրդը։

Արթուր Խաչատրյանը նաև անդրադառնում է նախարարի այլ հայտարարությանը, թե «ազատության թշնամիները» ձգտում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար։ «Ավելի պարզ՝ նրանք փորձելու են ընտրությունների միջոցով քպ-ականներին տուն ուղարկել», – նշում է պատգամավորը՝ հակադրելով այս տրամաբանությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

Արթուր Խաչատրյանը եզրափակում է իր մտագրոհը՝ նշելով, որ նման մոտեցումը հիշեցնում է Մաքիավելիի սկզբունքները գործողության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնկալում է «հիբրիդային հարձակումների ուժեղացում»։ Նա նաև բամբասանք է համարել եվրոպացի պատգամավորներից մեկի հարցը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության հետ։

Back To Top