ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ապրիլի 13-ին Մրգաշենում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են եղբայրներ։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։
ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հիմնավորմամբ (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն) հանրային քրեական հետապնդում է հարուցվել եղբայրներից մեկի նկատմամբ, իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորմամբ (սպանություն)։ Կատարվածի համար երկուսին էլ ձերբակալման որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 13-ին սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածն ատամնաբույժ Արթուր Ավագյանն էր, ով ունեցել է կին և երեք անչափահաս երեխա։