Երևանում բացվել է նոր գիտական խաղահրապարակ

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին աշխատանքային այցելություն կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացում է ունեցել Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղակայված նոր հանրային խաղահրապարակ։

Նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել «Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ջանքերով, Երևանում նմանատիպ երրորդ խաղահրապարակն է։ Այն նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար և նպատակ ունի խաղի և կրթության միջև կամուրջ կառուցել՝ ստեղծելով ինտերակտիվ միջավայր, որտեղ երեխաները կարող են բացահայտել գիտության աշխարհը։

Խաղահրապարակի հեղինակները նշում են, որ այն ոչ միայն ապահովում է անվտանգ և բազմաֆունկցիոնալ խաղային տարածք, այլև խթանում է երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացումը՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և ստեղծարար մտքի զարգացումը։

Այս նախագծի նախորդ երկու իրականացումները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ), արդեն իսկ դարձել են Երևանի հանրային տարածքների նոր չափանիշներ։

Այցելության ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահում ցուցադրվող նկարչի վերջին աշխատանքներին, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։

Back To Top