Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) հայտարարում է, որ հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ գործող իշխանությունն իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու համար պատրաստ է դիմել ցանկացած ստորության։
Ըստ ԱԺԲ-ի, այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման և քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ խախտումները զրկել են քաղաքացիներին ազատ կամարտահայտման հնարավորությունից։
ԱԺԲ-ն պնդում է, որ հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Դրա հիման վրա Բևեռը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։
Բևեռը չի համարում արդարացված ընտրությունների արդյունքների բողոքարկումը, քանի որ չի ճանաչում այդ «խայտառակ ընտրությունների» արդյունքները։ Նույնպես անիմաստ է համարվում Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունը, քանի որ դատարանը, ըստ Բևեռի, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար մարմին։
ԱԺԲ-ն կարծում է, որ ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։ Բևեռը շարունակում է իր պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի։