Հունիսի 6-ին, ժամը 15:00-ին, Երևանում, ՀԲԸՄ դահլիճում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի նոր գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները։
Աշխատության կենտրոնում է Օսմանյան կայսրության և դրան հաջորդած քեմալական շարժման քաղաքականությունը ցեղասպանությունից մազապուրծ հայերի և հույների նկատմամբ։ Գրքում հեղինակը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտով և երիտթուրքական վարչակարգի անկմամբ։
Հեղինակի հետազոտության համաձայն՝ 1920-ական թվականների սկզբին Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) իշխանությունը շարունակել է հայերի և հույների բռնի տեղահանումն ու հետապնդումները՝ նրանց պատմական բնակավայրերից վերացնելու նպատակով։
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել ֆրանսերենով 2023 թվականին։ Ռուսերեն հրատարակությունը հրատարակվել է Նարեկացի ինստիտուտի, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների աջակցության զարգացման հիմնադրամի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով։
Ռայմոնդ Գեւորգյանը ֆրանսահայ պատմաբան է, ով ղեկավարել է Փարիզի Նուբարյան գրադարանը, դասավանդել Փարիզի Սեն Դենի համալսարանում, եղել է Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավարը և «Արդի հայոց պատմություն» գիտական հանդեսի խմբագիրը։