Բարտ դե Վևերի շնորհավորական ուղերձ Նիկոլ Փաշինյանին

Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Բելգիայի կառավարության անունից ջերմորեն շնորհավորում են վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից իրեն վստահության վերահաստատման առիթով։

Բարտ դե Վևերը նշում է, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տվել հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Նա գովեստի խոսքեր է հղում Հայաստանի քաղաքացիներին՝ ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և երկրի ապագայի նկատմամբ ցուցաբերած հավատի համար։

Վարչապետ դե Վևերը հիշում է մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը, որը, նրա խոսքով, հիանալի հնարավորություն է ընձեռել վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և երկու երկրների համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Նա նաև ջերմությամբ է հիշում Երևանում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը՝ որպես իրադարձություն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։

Բարտ դե Վևերը հայտարարում է, որ ակնկալում է շարունակել մեր համագործակցությունը՝ մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։ Նա նաև վերահաստատում է Բելգիայի հանձնառությունը Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները։

Back To Top