Հայաստանում «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանում ամբողջ հասարակության անվտանգության մոդելի ձևավորում» թեմայով համաժողովի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդես է եկել բացման խոսքով։
Միջոցառմանը, որը տեղի է ունեցել այսօր, ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և փորձագետներ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և այլ դերակատարների հետ համագործակցված համապարփակ անվտանգության մոդելի ձևավորմանն առնչվող հարցերը։
Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում ցուցաբերվող աջակցության համար։ Նրա խոսքով՝ այս աջակցությունը հնարավորություն կտա վերածել գաղափարները գործնական քայլերի։
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում համապարփակ անվտանգության ձևավորման առանցքային խնդիրը պետական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու դրանց կայուն ամրապնդումն է, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան–ԵՄ օրակարգի երկարաժամկետ համագործակցության համատեքստում։
«Խաղաղության և զարգացման այս ճանապարհին, որը ներկայում ուրվագծվում է կառավարության գործողությունների ծրագրում, մենք տեսնում ենք մտածողության փոփոխություն։ Ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է երկրի ներքին անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկերի կանխարգելման և միգրացիոն քաղաքականության համար, այս հարցում ևս ունի կարևոր և առանցքային դերակատարում»,– ընդգծել է նա։
Անդրադառնալով մարտահրավերներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է հստակ սահմանել նպատակները, ձևավորել համապատասխան կարողություններ և զարգացնել արդյունավետ վարքային մոդելներ։ Նա վստահեցրել է, որ անվտանգության ամրապնդման ուղղությամբ նախարարության դիրքորոշումը հստակ է, և գերատեսչությունը շարունակելու է գործել որդեգրած քաղաքականության շրջանակում։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիական–ռազմական համագործակցության, առևտրի և տնտեսական անվտանգության, պարենային անվտանգության, ինչպես նաև հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու կարողությունների զարգացման հարցերին։