Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո է, Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր է նետված

Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո, որը նախկինի նման չի լինի։ Այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը «Հետխորհրդային պետությունները. նոր դերի որոնում փոփոխվող աշխարհում» թեմայով տեսակամրջի ընթացքում։

Նրա խոսքով՝ մենք դիտում ենք տարբեր խաղացողների ակտիվացում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը մարտահրավեր է նետվել, և հնարավոր է, որ այդ բացառիկությունը ինչ-որ չափով կորսվի։

Մարկեդոնովը նշեց, որ 2022 թվականի վերջին, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում բարդ իրավիճակ էր ապրում, Հայաստանի ղեկավարությունը, որը նույնպես բարդ իրավիճակում էր հայտնվել, եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը «հեռացող է»։

«Հիանալի է, բայց եկեք տեսնենք, թե ինչ է իրականում։ Ասում են, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, բայց միթե՞ նրան այնտեղ կանչում են», – հարցական նշեց փորձագետը։ Նա նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի պարագայում, ի տարբերություն Վրաստանի կամ Մոլդովայի ու Ուկրաինայի, նույնիսկ թեկնածության հարց չունի։

Մարկեդոնովը համեմատեց Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային փոխկապակցությունները Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ այս համեմատությունը ցույց է տալիս ակնհայտ տարբերություն հօգուտ ՌԴ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)։ Այդ պատճառով նա չի համարում, որ հայկական ընդդիմության հայտարարությունները, որոնք կոչ են անում խզել հարաբերությունները, բնավ սթափության կոչ չեն։

«Նրանք մտավախություն ունեն, որ խզումը կհանգեցնի ծայրահեղ բացասական հետևանքների», – նշեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ պետք է հիշել ռուսական բիզնեսի գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությանը տրվող օգուտները։

Նրա խոսքով՝ երբ հարցնում են, թե ինչ կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին, ապա Ռուսաստանն արդեն տալիս է՝ մասշտաբային տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության տեսքով։

Փորձագետը կարևորեց նաև Ռուսաստանի որոշ պաշտոնատար անձանց հարգալից վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նշելով, որ պետք է ոչ միայն հիշեցնել Ռուսաստանի կարևորության մասին, այլև՝ հենց Ռուսաստանի շահագրգռվածության մասին Հայաստանի հետ հարաբերություններում։

«Ռուսաստանի և Հայաստանի համար կարևոր է պրագմատիզացնել հարաբերությունները։ Դրանք այսօր այլ են, դրանք չեն լինի նախկինի նման։ Բայց այլը չի նշանակում թշնամական։ Փոխել հարաբերությունները, փոխակերպել դրանք, չի նշանակում թշնամիներ դառնալ», – հավելեց նա։

Մարկեդոնովը նաև կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր ավելի լավ է շարժվել ոչ հրապարակային ճանապարհով, որպեսզի հույզերով միմյանց ավելորդ բաներ չասել։

Անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին՝ ռուս փորձագետը վստահեցրել է, որ Ռուսաստանն այստեղ յուրայիններ չունի։

«Հաճախ հարց են տալիս․ ո՞վ է Ռուսաստանի թեկնածուն Հայաստանում։ Հայաստանն է Ռուսաստանի թեկնածուն։ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանը։ Հայաստանի ժողովուրդն ընտրելու է իր մարդուն, ում հարկ կհամարի։ Եվ դա շատ ավելի արդար և ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին նշելն ու ասելը․ «Սա մեր մարդն է»։ Շատ ավելի կարևոր է մոտեցումը, երբ հարաբերություններ են պետք երկրի հետ, այլ ոչ թե՝ որոշակի քաղաքական դեմքի», – եզրափակեց նա իր մտքերը։

Back To Top